1.25.2014

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

ՀԱՐՑԻ ՄԻՋԱՅԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
Հայկական հարցն առաջին անգամ իր արտահայտությունը գտավ Սան Ստեֆանոյի պայմանագրում (1878), որի 16-րդ հոդվածով Բաց դուռը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում: 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին՝ հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում. Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը: Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից: Բեռլինի կոնգրեսի (1878) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ հօգուտ Հայկական Հարցի լուծման բանակցություններ վարելու եվրոպական պետությունների կառավարությունների հետ: Մեծ հույսերով Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացավ Բեռլին` վեհաժողովին: Սակայն նրանց մեծ հիասթափություն էր սպասվում: Եվրոպական դիվանագիտությունն իր հաշիվներն ուներ Հայկական հարցի վերաբերյալ: Գերմանական կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որի նախաձեռնությամբ էլ հրավիրվել էր Բեռլինի վեհաժողովը, իր առջև խնդիր էր դրել չեզոքացնել Ռուսաստանի աճող հզորությունը և պաշտպանել իր դաշնակից Թուրքիայի շահերը: Վեհաժողովում ոչ միայն Խրիմյանի պատվիրակության առաջ քաշած խնդիրները հաշվի չառան, այլև  նույնիսկ թույլ չտվեցին մտնել վեհաժողովի վայր: Եվրոպական գերտերությունները Հայկական հարցը օգտագործում էին միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Եվ տեղին էր Բիսմարկի դիտողությունը Խրիմյանին. «Որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար պետք է ներկայանալ վեհաժողովին ոչ թե խոնարհ աղերսանքով, այլ Չեռնոգորիայի ներկայացուցչի պես սրին կռթնած»:
Հետագայում Կոստանդնուպոլսում ելույթի ժամանակ Խրիմյանը պատմում է, որ վեհաժողովի ավարտից հետո իրեն հրավիրում են պաշտոնական ճաշի: Սկզբից Հայրիկը հրաժարվում է մասնակցել ճաշկերույթին, բայց դիվանագետների պնդմամբ մասնակցում է: Ճաշկերույթի մասին նա ասում է հետևյալը. «Բեռլինի մեջ հարիսա էին բաժանում բոլոր ազգերին: Ինձ ղրկեցին, որ հայերի մասը առնեմ, բերեմ: Վերցրի պուտուկն ու վազեցի: Բայց բոլորը երկաթե շերեփներով տարան իրենց բաժինը, ինձ շերեփի տեղ թուղթ տվին, այդ թղթի կտորը որքան էլ խրեցի հարիսայի մեջ, թղթի կտորը թուլացավլխկվեցավ, մեջն ընկավ, ես էլ պարապ թողի, ետ եկա: Մոռացա առաջուց մի քանի զեյթունցի տանել հետս, նրանք շերեփ ունեն, կարող է, ամանի տակը քերելով, մի բան թռցնեին»:Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր, որ Բաց դուռը պարտավոր է պարբերաբար տերություններին տեղեկացնել բարեփոխումների անցկացման միջոցառումների մասին, իսկ մեծ տերությունները պետք է հետևեն դրանց կենսագործմանը: Այդպիսով Հայկական Հարցը վերածվեց միջազգային հարաբերությունների առարկայի, ինչը Բաց դռանը չխանգարեց այն լուծել յուրովի: Բեռլինի կոնգրեսի որոշումով Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնաց թուրքական տիրապետության տակ, որը ճակատագրական դեր խաղաց Արևմտյան Հայաստանի բնակչության համար՝ նրանց դատապարտելով բնաջնջման:
Հակառակ սպասվածին հայկական հարցի միջայզգայնացումը չի հանգեցնում հայկական հարցի լուծմանը կամ առաջխաղացմանը։ Դրա փոխարեն, այն դառնում է նժար մեծ տերությունների ձեռքում որոնք այն օգտագործում են իրենց շահերը առաջ տանելու համար։ Այդ կոնֆերանսով փակվում է արևելյան հարցը թողնելով չլուծված  բազմաթիվ խնդիրներ այդ թվում հայկական հարցը։


Комментариев нет:

Отправить комментарий